Թուրքիայից ԱՄՆ բազայի տեղափոխման հարցն ակտիվացել է

4 ր.   |  2020-10-01

Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից ամերիկյան ռազմական ռեսուրսների՝ Հունաստան տեղափոխման հարցը Սպիտակ Տունը շրջանառության մեջ դրեց ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սրացման արդյունքում։ Այդ հարցն ուղղակիորեն պայմանավորված էր թերևս երկու գործոնով.

ա/ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը[1]

բ/ Թուրքիայի ագրեսիան Հունաստանի դեմ Արևելյան Միջերկրածովում։

Վերջին շրջանում ԱՄՆ պաշտոնյաներն ու վերլուծաբաններն սկսել են ավելի հաճախակի քննարկել Ինջիրլիք ավիաբազայից ամերիկյան ռազմական միջոցների՝ Հունաստան տեղափոխման հարցը՝ կապված Էրդողանի անհանգստացնող արտաքին քաղաքականության հետ[2]։

2020-ի սեպտեմբերի սկզբին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ սենատոր Ռոն Ջոնսոնը (Ron Johnson) հայտարարեց, որ ԱՄՆ պաշտոնյաները դիտարկում են Ինջիրլիք ավիաբազայից ամերիկյան ռազմական ռեսուրսների՝ Կրետե կղզի տեղափոխման հարցը[3]. «մենք չգիտենք թե ինչ է լինելու Ինջիրլիք ավիաբազայի հետ, մենք հուսով ենք, որ ամենալավ տարբերակը կլինի, սակայն ստիպված ենք ծրագրել ամենավատը»[4]։

Փորձագետները գտնում են, որ 2020-ի սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Հունաստան կատարած այցելությունը կարող է նոր, առավել շոշափելի ընթացք տալ այդ գործընթացին։

Այցելության առիթով Պոմպեոն իր թվիթերյան էջում գրառում կատարեց. «ուրախ եմ վերադառնալ Հունաստան, որը Միացյալ Նահանգների առանցքային գործընկերն է. Հունաստանի հետ մենք կիսում ենք ռազմավարական տեսլականը»[5]։  

Պոմպեոն ժամանում է Հունաստան

Աղբյուրը՝ https://twitter.com/SecPompeo/status

 

Սեպտեմբերի 28-ին Սալոնիկում Պոմպեոյին ընդունեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ Պոմպեոյի թվիթերյան գրառման համաձայն, հանդիպմանը քննարկվեցին ԱՄՆ-Հունաստան հարաբերությունների ներուժին, Արևմտյան Բալկաններին ու Արևելյան Միջերկրածովում իրավիճակի լարվածության թուլացմանը վերաբերող հարցեր[6]։   

Աղբյուրը՝ https://twitter.com/SecPompeo/status

Պոմպեո-Դենդիաս հանդիպումը

Սեպտեմբերի 29-ին Կրետե կղզում Պոմպեոն հանդիպեց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ ԱՄՆ պետքարտուղարն իր թվիթերյան գրառման մեջ նշում էր. «Մենք կառուցողական երկխոսություն ունեցանք տարածաշրջանային քաղաքական, տնտեսական ու էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ։ ԱՄՆ-ն կոչ է անում Արևելյան Միջերկրածովում վիճելի հարցերի շուրջ վերադառնալ երկխոսությանն ու խաղաղ կարգավորմանը»[7]։

Միցոտակիսն իր հերթին հայտարարեց, որ Թուրքիան իր նվաճողական ռազմավարությամբ խախտում է միջազգային իրավունքը՝ կապված Արևելյան Միջերկրածովի ու Էգեյան ծովի տարածքային ջրերի ու ռեսուրսների հետ, որոնք գտնվում են Հունաստանի ու այլ երկրների վերահսկողության տակ. «Սա շատ զգայուն գոտի է, որի նկատմամբ վերջերս Թուրքիան սադրիչ գործողություններով ագրեսիա իրականացրեց»[8]։  

Կրետե կղզում նախատեսվում էր Պետքարտուղարի այցը ամերիկյան ռազմածովային հենակետ (United States Naval Support Activity-NSA, Souda Bay), որով ընդգծվում էր ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Հունաստանի հետ ԱՄՆ ամուր անվտանգային գործընկերությունը[9]։

Նկատենք, որ Պոմպեո-Միցոտակիս հանդիպման անցկացումը Կրետե կղզում խորհրդանշական էր. ըստ շրջանառվող փորձագիտական գնահատականների, սա թերևս նոր լիցք կհաղորդի Ինջիրլիք ավիաբազայից ամերիկյան ռազմական կարողությունների՝ Կրետե կղզում տեղակայման հնարավոր գործընթացին։   

Ա րցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում հատկապես արևմտյան մամուլում ու փորձագիտական գնահատականներում ակտուալացավ Թուրքիայից դեպի Ադրբեջան վարձկանների ու ահաբեկիչների տեղափոխման թեման՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։ Սա թերևս խոսում է այդ տեղեկատվության հավաստիության ամրապնդման մասին այդ թվում արևմուտքում։ Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 30-ին ՌԴ ԱԳՆ արդեն հանդես եկավ այդ տեղեկությունը հաստատող պաշտոնական հայտարարությամբ[10]։   

Խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությունը կարող է խորանալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ Թուրքիայի ներքաշմամբ ու ռազմական գործողություններին ուղիղ միջամտությամբ։ Այդ համատեքստում հետաքրքիր էր, որ Պոմպեո-Դենդիաս հանդիպումից օրեր անց հայտնի դարձավ Հունաստանի  ԱԳ նախարար Ն. Դենդիասի՝ Հայաստան առաջիկա այցելության մտադրության մասին։


[1] https://greece.greekreporter.com/2020/09/30/is

[2] https://www.washingtonexaminer.com/policy

[3] https://greece.greekreporter.com/2020/09/30

[4] https://www.washingtonexaminer.com/policy

[5] https://twitter.com/SecPompeo/status/131047

[6] https://twitter.com/SecPompeo/status/131049

[7] https://twitter.com/SecPompeo/status/131092

[8] https://www.nytimes.com/2020/09/29/us/politic

[9] https://www.state.gov/secretary-pompeos-trave

[10] https://www.mid.ru/foreign_policy/news/-/asset